ԿԱՅԱՑԱՎ LOFT-Ի «FRIDA DAY» ՆԱԽԱԳԻԾԸ
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ից սկսած, «Լոֆթ Երեւան»-ը վերածվել էր մեքսիկացի աշխարահռչակ նկարչուհի Ֆրիդա Կալոյի «Կապույտ Տանը», որի ամեն անկյունում սփռված էին գույներ, գրավչություն եւ արվեստ։ Մենք հյուրընկալել էինք այս էքսցենտրիկ ու էմոցիոնալ կերպարի սիրահարներին, ովքեր եկել էին՝ մեզ մոտ տիրող յուրահատուկ մթնոլորտով վարակվելու եւ Ֆրիդայի մասին հավելյալ անգամ ինֆորմացվելու։
Երեկոն սկսվեց ժամանակակից արվեստի գիտակ, արվեստագիտության թեկնածու, արվեստի քննադատ Աննա Գալստյանի դասախոսությամբ, որը «Ֆրիդայի դրախտի ճանապարհը» թեմայով էր։ Իսկ ահա դասախոսությանը հաջորդեց պերֆորմանսների իսկական տեղատարափ։ Նախ պոետ Հասմիկ Սիմոնյանը, ով Ֆրիդայի կերպարով էր եւ նստած նկարչուհու մահճակալի պրոտոտիպի վրա, ընթերցեց թեմատիկ ստեղծագործություններ։ Դրա անմիջապես ավարտին երեկոն իսպանական թեժ հնչյուններով լցրեց երգիչ, երգահան Վիգեն Հովսեփյանը։ Իսկ ավելի ուշ բոլորն ականատես եղան «La Vida de Tango Argentino»-ի կրքոտ պարային պերֆորմանսին՝ Ջուլի Թեյմորի «Frida» ֆիլմի հանրահայտ սցենարի մոտիվներով։ Ֆիլմը, ի դեպ, նույնպես ցուցադրվեց։
«Frida Day» նախագծի ողջ ընթացքում մեր պատերին ներկայացված էր մի շատ յուրահատուկ ֆոտոցուցահանդես, որի մտքի հեղինակը Սաթէ Խաչատրյանն էր, իսկ իրականացնողը՝ լուսանկարիչ Խանդութ Պարույրյանը։ Ունեինք նաեւ «Ո՞վ ես, Ֆրի՛դա» խորագիրը կրող հագուստի անիրական հավաքածուի ցուցադրություն, որի հեղինակը կոնստրուկտոր, հագուստի մոդելավորող Սվետլանա Մկրտչյանն էր։
Այս նախագծի շրջանակներում եւս մեզ էր միացել սիրելի գործընկեր «Մարաշլյան» ֆոտո-ատելիեն, ինչը նշանակում է, որ մեր բոլոր հյուրերը հնարավորություն են ունեցել լուսանկարվել Ֆրիդայի հետ թեմատիկ տաղավարում (տե՛ս լուսանկարները)։
Երեկոն անմոռանալի դարձրին նաև Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաները, ովքեր live պերֆորմանսի ընթացքում նկարում էին բոլոր ցակացողներին։ Դե իսկ առանց կարմիր գինու, որի հյուրասիրությունն արեց «Koor Wines»-ը, երեկոն հաստատ կիսատ կլիներ։
Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերին ու մասնակիցներին՝ այս նախագիծն իսկական տոնի վերածելու համար։
*Հիշեցնենք, որ «Frida Day»-ի բոլոր հեղինակային եւ կազմակերպչական իրավունքները պատկանում են «Լոֆթ»-ին։
Share
